Եկեղեցական ԶԼՄ-ում աշխատող լրագրողի վարքականոն
  • Ethics_Magnifier_iStock__Feature_000016707944XSmall

    Հայ եկեղեցական հաղորդակցության միջոցում աշխատող լրագրողի

    ՎԱՐՔԱԿԱՆՈՆ

    Էթիկայի կանոններ

     

    (ՆԱԽԱԳԻԾ)

     

    Հայ եկեղեցական հաղորդակցության միջոցում (այսուհետ՝ ՀԵՀՄ) աշխատող լրագրողը

    ա)ծանոթ է և ընդունում է ՀԵՀՄ-ների միասնական նպատակներն ու սկզբունքները,

    բ)գիտակցում է, որ ՀԵՀՄ նպատակներն ու սկզբունքները հոգևոր ուղղվածություն ունեն ՝ համապատասխան քրիստոնեական ավանդական Ընդհանրական Եկեղեցու վարդապետությանն ու առաքելությանը, որին աշխատանքի ընթացքում պետք է մշտապես հավատարիմ մնա՝ անկախ սեփական հայացքների և դավանած արժեքների բնույթից,

    գ)ազատ է իր դավանանքի ընտրության հարցում, բայց աշխատանքային գործունեության ընթացքում (հրապարակումներում, տեսանյութերում, վերլուծություններում) կամ սոցիալական կայքերում չպետք է արտահայտի կարծիքներ, որոնք հակասում են ՀԵՀՄ սկզբունքներին և նպատակներին,

    դ)տարբերում է լուրերը վերլուծական նյութերից, այսինքն՝ լրատվական նյութի մեջ աշխատում է չդնել սեփական կարծիքներն ու զգացումները, հավատարիմ է լրագրության ընդունված նորմերին և ՀԵՀՄ սկբունքներին, տեղեկատվության ճշտությունը ստուգում է առնվազն երկու անկախ և վստահելի աղբյուրներից, գիտակցում է իր կողմից  կեղծ ու չհիմնավորված տեղեկություններ հրապարակելու իրավական հետևանքները, հավասարակշռում է նյութի մեջ որևէ անձի կամ կազմակերպության, մարդկային խմբի վերաբերյալ զրուցակիցների արտահայտած կարծիքները,

    ե)վերլուծական նյութերի մեջ սեփական կարծիքն արտահայտելիս զերծ է մնում վիրավորական, պիտակավորող արտահայտություններից, զրպարտությունից, անհիմն լուրերը որպես դատողության հիմք ընդունելուց, խտրական կամ անհանդուրժողական մոտեցումներից, բռնության կամ հեղափոխական գործողությունների կոչերից,

    զ)վերլուծություններում քրիստոնեական, համամարդկային արժեքներից և Ընդհանրական Եկեղեցու վարդապետությունից զատ այլ արժեքներ չի քարոզում, քաղաքականության մասին չի գրում,

    է)տեղեկատվական աղբյուրներ, նյութեր օգտագործելիս միշտ հղում է անում աղբյուրին, գրագողությամբ չի զբաղվում,

    ը)առաջնորդվում է ՀԵՀՄ հոգևոր խորհրդատուի (խորհրդատուների) և խմբագրի ցուցումներով, չի ընդունում ՀԵՀՄ գործունեության կամ Եկեղեցու հետ առընչություն չունեցող այլ անձանց կամ կազմակերպությունների անկհայտ ցուցումները նյութեր գրելիս,

    թ)չի կաշառվում, չի ընդունում աշխատանքային պարտականությունները շրջանցելու կամ ստեղծագործական ազատությունը սահմանափելու  կամ այլ ոչ անկեղծ նպատակով աշխատանքի ընթացքում իրեն առաջարկվող նվերները, հյուրասիրությունները,

    ժ)այլ ՀԵՀՄ-ների կամ ոչ եկեղեցական հաղորդակցության միջոցների հետ համագործակցելուց առաջ ստանում է խմբագրության թույլտվությունը և ցուցումները,

    ի)հարգում է զրուցակցի մասնավոր կյանքը և խնդրանքը՝ չհարապարակելու նրանց անունները կամ մասնավոր կյանքի հետ կապված մանրամասներ, որոնք կապ չունեն Եկեղեցու կյանքի, մարդու կամ հասարակական իրավունքների խախտման, հասարակական շահի հետ,

    լ)աշխատանքի ընթացքում պարտադիր մասնակցում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներին և աշխատում է սեփական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ,

    խ)մշտապես հարգալից է թե հոգևորականների, թե գործընկերների  հետ, հարցազրույցների ժամանակ, գիտե բոլորի հետ խոսելու կերպը, չի վարկաբեկում նրանց, պարկեշտ ու զուսպ է հագնվելիս և պահվածքում,

    ծ)բարեխիղճ ու պարտաճանաչ է իրեն վստահված աշխատանքում, ժողովների և քննարկումների ժամանակ նվիրումով ջանում է լավագույնն անել նոր առաջարկների կամ ծրագրերի մեջ իր ներդրումն ունենալու և ՀԵՀՄ առաջընթացին նպաստելու համար,

    կ)աշխատանքային և բարոյական պարտականություն է համարում անմիջականորեն հասցեատերերի առջև (ոչ բամբասելով) և պարկեշտությամբ արտահայտվել աշխատանքային կառավարման մեջ նկատած իր և մյուս աշխատակիցների կամ կամավորականների իրավունքների խախտման կամ ՀԵՀՄ սկզբունքներին անհարիր գործողությունների, ապօրինությունների մասին՝ ի մտի ունենալով ընդհանուրի բարիքը կամ ՀԵՀՄ աշխատանքի առավել արդյունավետ և ճիշտ կազմակերպումը,

    հ)աշխատանքի մեջ չի վիրավորվում նկատողություններից, զուսպ քննադատություններից, գործընկերների և կամ ղեկավարության հորդորներից,

    ձ)պատրաստ է միշտ համագործակցել ուրիշների հետ՝ անկախ ուրիշների մասին իր անձնական կարծիքներից:

     

     

     

     

     

    Փաստաթուղթը պատրաստվել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերաշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի օրհնությամբ, 2014թ. հուլիսի 14-17 Երևանում գումարված Հայ Կաթողիկե եկեղեցական հաղորդակցության միջոցների Բ համագումարի ընթացքում հնչեցված և ընդունված առաջարկների համաձայն:

     Փաստաթղթի վրա աշխատել է Լևոն Գալստյանը (http://armenianchurchco.com/ կայքի պատասխանատու լրագրող)՝ համագործակցելով Ռադիո Մարիամի աշխատակիցների (Լիլիթ Թորոսյան, Արշակ Ադամյան, Հակոբ Հարությունյան) հետ և ընդգրկելով նրանց առաջարկները: Այս նախագիծ է և ենթակա է վերանայման, քննարկման ու լրամշակման Հայ Կաթողիկե Եկեղեցու բոլոր հաղորդակցության միջոցների կողմից:

     

     

     

Օրացույց

Օրացույց