Եկեղեցական ԶԼՄ-ների նպատակներն ու սկզբունքները
  • press-conference-microphone-vector-graphics-free-34019

    Հայ եկեղեցական հաղորդակցության միջոցների նպատակներն ու գործունեության սկզբունքները

    (ՆԱԽԱԳԻԾ)

     

     

     

    «Եկեղեցին հիմնվեց մեր Տեր Քրիստոսի կողմից, որպեսզի համայն մարդկությանը փրկություն ընծայի, հետևաբար Եկեղեցին ինքն իրեն պարտավոր է զգում Ավետարանը քարոզելու։

    Եկեղեցին նմանապես իր պարտականությունն է  համարում թե օգտագործել սոցիալական ընկերային հաղորդակցության միջոցները ` ավետելու համար փրկության պատգամը, և թե  մարդկանց սովորեցնելու այս միջոցների բարվոք գործածությունը».

    Inter Mirifica[1], 3:

     

    Հայ եկեղեցական հաղորդակցության միջոց (այսուհետ՝ ՀԵՀՄ)  կարող են լինել ժամանակակից սոցիալական հաղորդակցության և լրատվության բոլոր միջոցները (media), այդ թվում՝ հեռուստաընկերությունը կամ հեռուստահաղորդաշարը, ռադիոկայանը կամ ռադիոհաղորդաշարը, համացանցային կայքը, համացանցային սոցիալական ցանցը, տպագիր մամուլը (օրաթերթ, շաբաթաթերթ, ամսագիր) և այլք, որոնց գործունեության նպատակները համահունչ են քրիստոնեական ընդհանրական Եկեղեցու առաքելությանը:

     

     

    ՀԵՀՄ-ների նպատակերն են.

     

    ա) տարածել Աստծո Խոսքը հայ ժողովրդի կյանքում, Հայաստանում և սփյուռքում,

     

    բ) արդյունավետ գործիք դառնալ մարդկանց առ Աստված առաջնորդելու և նրանց սրտերում փրկության հույսն արթնացնելու համար,

     

    գ)կապ դառնալ ողջ հայության համար և նպաստել ողջ հայության միավորմանը միասնական մեկ Հայ Եկեղեցու հոգևոր և բարոյական առաջնորդության ներքո,

     

    դ) տարաբնույթ տեղեկություններ տրամադրել ընդհանրական քրիստոնեական Եկեղեցում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով Հայ Եկեղեցու կյանքին և Սրբազան Քահանայապետի գործունեությանն ու վարդապետությանը,

     

    ե) պահպանել, տարածել և ամրապնդել հայկական արժեքները հայ հասարակության մեջ և, համագործակցելով օտարազգի հաղորդակցության միջոցների հետ, Հայ Եկեղեցու և հայկական մշակույթի լավագույն ձեռքբերումները ներկայացնել նաև այլ ազգությունների,

     

    զ) նպաստել հայ ազգի հոգևոր, բարոյական, մշակութային դաստիարակությանը և կրթությանը, պետականաստեղծ գործունեությանը,

     

    է) ուղիներ գտնել հայ եկեղեցական (կաթողիկե և առաքելական) հաղորդակցության միջոցների միջև մնայուն համագործակցություն զարգացնելու համար:

     

     

    ՀԵՀՄ-ների գործունեության սկզբունքները

     

     

     

     Հայ եկեղեցական հաղորդակցության միջոցները գործում են համաձայն Ընդհանրական Եկեղեցու վարդապետության, եկեղեցական նվիրապետության օրհնությամբ և ցուցումներով, ինչպես նաև սոցիալական հաղորդակցության միջոցների մասին միջազգային ու պետական օրենսդրության շրջանակներում:

    Քաջ գիտակցելով սոցիալական հաղորդակցության միջոցների մեծ կարևորությունը քրիստոնեական և ազգային արժեքները փոխանցելու և պահպանելու առաքելության մեջ, ինչպես նաև սեփական բարոյական պատասխանատվությունը Աստծո, Եկեղեցու և մարդկային հասարակության առջև՝ ՀԵՀՄ-ներն իրենց գործունեության մեջ առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով:

     

    1.Oգտագործել ժամանակից հաղորդակցության միջոցների լայն տեխնիկական հնարավորությունները, լրագրության, հեռուստատեսային և ռադիոարվեստի մեթոդները, ժանրերը, համացանցը, մարդկային աշխատուժի մասնագիտական հմտությունները՝ ՀԵՀՄ նպատակներն առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար:

     

    2.Նյութեր հրապարակելիս  կամ ներկայացնելիս (տեղեկատվական կամ վերլուծական հաղորդումներ, լուրեր, ֆիլմեր, հոդվածներ, համացանցային գրառումներ կամ այլք) մշտապես հավատարիմ մնալ քրիստոնեական Եկեղեցուն և առաջնային համարել Եկեղեցու հոգևոր շահը, առաջնորդվել հոգևորականի օրհնությամբ և խորհրդատվությամբ[2]:

     

    3.Տեղեկատվություն հրապարակելիս առաջնորդվել մարդու ճշմարիտ, առարկայական, ամբողջական տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքի հարգման,[3] ոչ թե սեփական, այլ՝ Եկեղեցու վարկանիշը բարձրացնելու և հասարակական բարիքին նպաստելու սկզբունքներով՝ զերծ մնալով այլ շահադիտական նպատակներից, որոնք շեղվում են ՀԵՀՄ առաքելությունից:

     

    4.Ճշմարիտ, համակողմանիորեն ստուգված, հավասակշռված և վստահելի տեղեկատվություն մատուցել քրիստոնեական վարդապետության, քրիստոնյա աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նպատակ ունենալով մարդուն հնարավորություններ ընձեռել հնարավորինս ստույգ և անկախ պատկերացում կազմելու իր տեսածի, լսածի և ընթերցածի մասին[4]:

     

    5.Տեղեկատվություն մատուցելիս հստակ տարանջատել լուրերը և կարծիքները (լրագրողի վերլուծությունը և անձնական տեսակետը)՝ մշտապես ի մտի ունենալով այն, որ լուրերը տեղեկություններ են փաստերի, իրադարձությունների մասին, մինչդեռ կարծիքները մտքեր են, գաղափարներ, դատողություններ[5], որոնք սուբյեկտիվ մոտեցումներ են այս կամ այն խնդրին, փաստին:

     

    6.Կարծիքները կամ հեղինակային վերլուծությունները կարող են ամբողջությամբ չհամապատասխանել լրատվամիջոցի խմբագրության դիրքորոշմանը, բայց չպետք է շեղվեն Եկեղեցու վարդապետությունից, հոգևոր խորհրդատուների ցուցումներից, պետք է լինեն ազնիվ, համաձայն էթիկայի կանոնների, առանց վիրավորական որակումների, պիտակավորումների, կրոնական կամ այլ տեսակի անհանդուրժողականության, խտրականության դրսևորումների, ծայրահեղականության[6]:

     

    7.Բացառել քաղաքականությունը տեղեկատվության, վերլուծությունների և հաղորդումների մեջ, հեռու մնալ որևէ քաղաքական, տնտեսական կամ մշակութային խմբի կամ խմբերի շահերը պաշտպանելուց՝ ի վնաս այլ խմբերի շահերի:

     

    8.Պահպանել քրիստոնեական և ազգային դիմագիծը՝ աշխատելով խաղաղություն և փոխըմբռնում սերմանել տարաձայնությունների առիթ հանդիսացող խնդիրների շուրջ՝ մշտապես փնտրելով համընդհանուր բարիքն ու Եկեղեցու հոգևոր շահը:

     

    9.Բարոյական չարիքի և արատավոր երևույթների մասին նյութեր հրապարակելիս լինել զուսպ, կշռադատված, որպեսզի դրանք չլինեն ի վնաս մարդկային հոգիների, հակառակ դեպքում «հաշվի առնելով մարդու մեջ նախնական մեղքի թունավոր հետևանքը, դրանք կարող են ստոր ցանկություններ բարձրացնել մարդու մեջ»[7]: Նման հրապարակումները պետք է մարդու մեջ ցանկություն առաջացնեն բարին գործելու՝ խորշելով սխալ ճանապարհներից.նյութերը պետք է ունենան բարոյական ուղերձ՝ ուղղակի կամ անուղղակի:

     

    10.Բացառել անպարկեշտ, հոգևոր դաստիարակությանն ու սկզբունքներին, բարոյականությանը դեմ բովանդակությամբ նյութերը (արտադրանք) կամ ֆիլմերը՝ անկախ նյութի կամ ֆիլմի նպատակից կամ ընդհանուր սյուժեի որակից: ՀԵՀՄ գործելակերպում որևէ նպատակ չի կարող արդարացնել անարդար, անօրինական կամ անբարոյական միջոցների գործադրությունը:

     

    11.Հարգել մարդկանց մասնավոր կյանքը և նյութեր չհրապարակել մարդկանց մասնավոր կյանքի հետ կապված փաստերի մասին, եթե դրանք անմիջականորեն չեն առնչվում Եկեղեցու առաքելությանը կամ հասարակական բարիքին: Հասարակական կամ եկեղեցական պաշտոն ունենալը չի զրկում որևէ մեկին իր մասնավոր կյանքի հանդեպ հարգանքի իրավունքից[8]:

     

    12.Հարգել զրուցակցի խնդրանքը և չխախտել անունը գաղտնի պահելու, չտեսալուսանկարահանվելու, չձայնագրվելու իրավունքը:

     

    13.Հիմնվել միայն ստույգ տեղեկությունների վրա, չհրապարակել չհիմնավորված լուրերը, զրպարտանքը` հարգելով յուրաքանչյուր անհատի արժանապատվությունն ու անմեղության կանխավարկածը, հատկապես այն դեպքերում, որոնք դատավարության ենթակա են (sub judice):

     

    14.Չառաջնորդվել զգացական սուր տպավորություն (sensation) գործելու մոլուցքով, այլ՝ նյութի մատուցման տպավորիչ միջոցներն օգտագործել և որևէ նյութ հրապարակել միայն ըստ բովանդակության կարևորության և ՀԵՀՄ նպատակներին համապատասխանության, զսպվածությամբ և տեղին:

     

    15.Պաշտպանելով մարդու տեղեկատվություն ստանալու և մատուցելու ազատության հիմնարար իրավունքը՝ խրախուսել հանրության և սոցիալական հաղորդակցության ոլորտի մասնագետների մասնակցությունը ՀԵՀՄ աշխատանքներին՝ կառուցողական առաջարկներով և առարկայական քննադատություններով:

     

    16.Պարբերաբար ուսումնասիրել ՀԵՀՄ-ի նյութերն (արտադրանքը) ունկնդրող, դիտող կամ ընթերցող հանրային խմբի ընդհանուր հետաքրքրությունների ոլորտը, հոգևոր, մշակութային թեմաների նկատմամբ զգայնությունը և ջանալ ամփոփ եզրակացություններ կատարել՝ զեկույցների տեսքով: Հատուկ ուշադրություն դարձնել ամենաաղքատների, հաշմանդամների, ծերերի, երեխաների և երիտասարդների հոգևոր կարիքներին և հետարքրքություններին: Ֆինանսական հնարավորության դեպքում նույն նպատակով սոցիալական հարցումներ պատվիրել մասնագիտացած հատուկ կազմակերպությունների:

    Ա) Զեկույցների եզրակացությունները դնել քննարկումների ՀԵՀՄ ներքին աշխատակազմի  բոլոր անդամների մասնակցությամբ, լսել յուրաքանչյուրի առաջարկները և գաղափարները, դրանցից լավագույններն ընդհանուր համաձայնությամբ օգտագործել ՀԵՀՄ նյութերի բովանդակությունն ու մատուցման ձևն ավելի արդյունավետ կերպով հարմարեցնելու հանրության պահանջներին ու հետաքրքրություններին՝ ջանալով միաժամանակ և՛ բավարարել հանրության հետաքրքրությունները և՛ տալ  սպասվածից ավելին՝ հոգևոր և բարոյական աճին նպաստելու նպատակով: Հավասարվել՝ բարձրացնելու և Ավետարանի հույսով սփոփելու  համար՝ Տեր Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելով:

    Բ)Նման քննարկումներ կազմակերպել նաև այլ ՀԵՀՄ-ների աշխատակիցների հետ և մշակել աշխատանքի նոր ռազմավարություններ՝ համաքայլ ընթանալով ժամանակի փոփոխություններին, հանրության պահանջմունքներին և Նոր Ավետարանացման առաքելության սկզբունքներին (համաձայն՝ Evangelii Gaudium առաքելական հորդորի և այլ եկեղեցական ուղենշող փաստաթղթերի):

     

    17.ՀԵՀՄ աշխատակիցների և կամավորականների համար կազմակերպել հոգևոր և մասնագիտական պատրաստության կամ վերապատրաստման դասընթացներ, առնվազն երկու տարին մեկ անգամ, մասնագետներ հրավիրելով նաև արտերկրից: Հնարավորության դեպքում, այդպիսի դասըթնացներ կազմակերպել նաև այլ ՀԵՀՄ-ների (թե կաթողիկե և թե առաքելական) աշխատակիցների և կամավորականների մասնակցությամբ: Դրանք ոչ միայն հոգևոր և մասնագիտական վերելքի, այլև համագործակցության անփոխարինելի շախաղ և փորձի փոխանակման առիթներ են:

     

    18.Խրախուսել ՀԵՀՄ աշխատակիցների և կամավորականների մասնակցությունը Սբ.Պատարագներին, եկեղեցական այլ արարողությունների, աղոթքների, ինչպես նաև՝ միջազգային սեմինարների ու դասընթացների՝ հարաբերություններ հաստատելով նման միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների հետ և ֆինանսական որոշ միջոցներ հատկացնել նման միջոցառումներին մասնակցելու համար աշխատակիցների տեղափոխման և այլ ծախսերը գոնե մասամբ հոգալու համար:

     

    19.ՀԵՀՄ ընդհանուր աշխատանքային սկզբունքների և ներքին վարքականոնի, աշխատանքային պաշտոնեական փոփոխությունների մասին որոշումներ ընդունելիս ՀԵՀՄ ղեկավարությունը ուշադրությամբ և հարգանքով է լսում բոլոր աշխատակիցների և կամավորականների կարծիքները՝ ջանալով ընդունված որոշումների մեջ արտացոլել աշխատակիցների և կամավորականների առնվազն կեսի կարծիքը կամ առաջարկությունները, իր սեփականից բացի:

     

    20.Ջանալ աշխատակիցների և կամավորականների միջև հաստատել փոխադարձ հարգանք, անկեղծություն, կառուցողական հարաբերություններ և աշխատանքային միասնական առաքելության հարատև գիտակցություն՝ հավատարիմ Եկեղեցու վարդապետությանն ու բարոյական նորմերին:

     

    21.Բացառել ՀԵՀՄ գործունեության և նպատակների հետ առնչություն չունեցող, շահույթ հետապնդող որևէ գովազդ կամ PR գործողություն՝ բացահայտ կամ թաքնված:

     

    21.Խրախուսել  համայնականների աղոթքը ՀԵՀՄ նպատակների համար և նվիրատվությունները (ֆինանսական կամ այլ)` ՀԵՀՄ գործունեության շարունակականությունն ապահովելու համար[9]:

     

    22.Խրախուսել կամավորական աշխատանքը ՀԵՀՄ գործունեության մեջ, ծրագրեր իրականացնել կամավորների պատրաստության, որակավորման և աշխատանքի խրախուսման համար՝ կամավորների հնարավորություն ընձեռելով լավագույնս նպաստ բերելու ՀԵՀՄ գործին և սեփական մասնագիտական ու հոգևոր աճին:

     

    23.Մշտապես ուղիներ փնտրել այլ ՀԵՀՄ-ների (կաթողիկե, առաքելական և այլք) միջև համագործակցությունը ավելի արդյունավետ ու մնայուն դարձնելու համար:

     

    24.Մրցակցությունը ՀԵՀՄ-ների միջև պետք է լինի ազնիվ և ուղղված միայն իրենց ընդհանուր առաքելությունն ու նպատակները լավագույնս իրականացնելուն՝ ի փառս Աստծու և Եկեղեցու: Բացառել միմյանց համար արգելքներ հարուցելն ու միմյանց վարկաբեկելը:

     

    25.Համագործակցելիս յուրաքանչյուր ՀԵՀՄ պարտավոր է հարգել մյուսի ներքին աշխատանքային կանոններն ու գործունեության սկզբունքները և չմիջամտել ներքին հարաբերություններին:

     

    26.Այլ հաղորդակցության միջոցների նյութեր օգտագործելիս ՀԵՀՄ պարտավոր է նախապես ստանալ այդ հաղորդակցության միջոցների պատասխանատուների թույլտվությունը և, հրապարակելիս, հղում անել նյութի աղբյուրին:

    27.Պարտադիր համագործակցել այլ ՀԵՀՄ-ների հետ նյութեր փոխանակելով.բոլոր ՀԵՀՄ-ները իրենց նյութերը կարող են ուղարկել մեկ մարմնի, որն էլ դրանք ուղարկում է հաղորդակցության բոլոր միջոցներին:

    28.Այլ ՀԵՀՄ-ների հետ համագործակցության շրջանակներում կազմակերպել նաև ոչ պաշտոնական հանդիպումներ՝ երեկույթներ, զբոսանքներ, որոնք կնպաստեն ջերմ հարաբերությունների զարգացմանը:

    29.ՀԵՀՄ աշխատակիցների և կամավորականների համար կազմակերպել մրցույթներ՝ կրոնական և համամարդկային արժեքներին առնչվող տարբեր թեմաներով նյութերի պատրաստման ամենամյա անվանակարգերով (լավագույն վերլուծական հոդված, լավագույն ռեպորտաժ, լավագույն լուսաբանում, լավագույն լուսանկար, լավագույն տեսանկարահանում, լավագույն կայք, լավագույն լրագրող, լավագույն ՀԵՀՄ, լավագույն համագործակից, Քահանայապետի խոսքերի լավագույն բամբեր, լավագույն նոր մետցում՝ ավետարանացման համար և այլք) և խրախուսել:

    կամ 

    Ամեն տարի ընտրել կրոնական և համամարդկային արժեքներին առնչնվող մի թեմա, որի շուրջ յուրաքանչյուր ՀԵՀՄ ամբողջ տարվա ընթացքում կպատրաստի նյութեր, որոնցից կընտրի լավագույնը, կուղարկի ՀԵՀՄ-ների գործունեությունը համակարգող կենտրոնական մարմնին, որը կկազմակերպի հանդիպում-քննարկումներ բոլոր ՀԵՀՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումների ընթացքում ընդհանուր գնահատականներ կտրվեն կատարված աշխատանքների արդյունավետության վերաբերյալ, կլսվեն նոր առաջարկներ, կփոխանակվեն գաղափարներ:

     

     

     Փաստաթուղթը պատրաստվել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերաշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի օրհնությամբ, 2014թ. հուլիսի 14-17 Երևանում գումարված Հայ Կաթողիկե եկեղեցական հաղորդակցության միջոցների Բ համագումարի ընթացքում հնչեցված և ընդունված առաջարկների համաձայն:

     Փաստաթղթի վրա աշխատել է Լևոն Գալստյանը (http://armenianchurchco.com/ կայքի պատասխանատու լրագրող)՝ համագործակցելով Ռադիո Մարիամի աշխատակիցների (Լիլիթ Թորոսյան, Արշակ Ադամյան, Հակոբ Հարությունյան)հետ և ընդգրկելով նրանց առաջարկները: Այս նախագիծը ենթակա է վերանայման, քննարկման ու լրամշակման Հայ Կաթողիկե Եկեղեցու բոլոր հաղորդակցության միջոցների կողմից:

     

     

     

     

    [1] «Inter Mirifica»-ն Պողոս 6-րդ Սրբազան Քահանայապետի և Վատիկանի Բ Տիեզերաժողովի հայրերի կողմից 1963թ. դեկտեմբերի 4-ին հրապարակված հիմնարար փաստաթուղթ է՝ սոցիալական հաղորդակցության միջոցների մասին: Փաստաթղթի արևմտահայերեն թարգմանությունը կարելի է ընթերցել այստեղ (PDF):

    [2] Սա չի ենթադրում կողմնակալության հնարավորություն կամ գրաքննություն՝ դասական ընկալմամբ, այլ պայմանավորված է Եկեղեցում տեղի ունեցող իրադարձությունների և քրիստոնեական վարդապետության մասին ճշմարիտ տեղեկատվություն մատուցելու անհրաժեշտությամբ և պարտավորությամբ:

    [3]Մարդու իրավունքների մասին Եվրոպական Կոնվենցիա, հոդված 10, Հռոմ, 1950: Տե՛ս՝ http://www.echr.coe.int/Documents/Convention_ENG.pdf

    [4] Տե՛ս՝Inter Mirifica, 14:

    [5] Տե՛ս՝ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Որոշում 1003 (1993թ.)-ը՝ լրագրության էթիկայի մասին (Resolution 1003 (1993)on the Ethics of Journalism), 3, http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/AdoptedText/ta93/ERES1003.htm

    [6]«…տեղեկությունը պետք է միշտ լինի ճշմարիտ և ամբողջական՝ հարգելով արդարությունն ու եղբայրասիրությունը: Տեղեկությունների մատուցման կերպը պետք է լինի պատշաճ և պարկեշտ: Թե տեղեկություններ փնտրելիս և թե հաղորդելիս միշտ պետք է լիովին հարգվեն բարոյականությունը, անհատի օրինական իրավունքներն և արժանապատվությունը…».Inter Mirifica, 5:

    [7] Inter Mirifica, 7

    [8] Տե՛ս՝ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Որոշում 1003 (1993թ.)-ը՝ լրագրության էթիկայի մասին (Resolution 1003 (1993)on the Ethics of Journalism), 23, http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/AdoptedText/ta93/ERES1003.htm

    նաև՝ Մարդու իրավունքների մասին Եվրոպական Կոնվենցիա, հոդված 8, Հռոմ, 1950, http://www.echr.coe.int/Documents/Convention_ENG.pdf

     

    [9] Տես՝ Inter Mirifica, 17,18.

Օրացույց

Օրացույց